Հասարակություն

Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտության

Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությանը Հայաստանի մասնակցության տվյալները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, որ դրանք կրթական բարեփոխումների արդյունքների գնահատման կարևոր ցուցիչներ են, ուստի մեծ կարևորություն ունեն։

«TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների, ուսուցիչների մասին բավականին շատ տվյալներ են հավաքված, և չափազանց կարևոր է դրանց հետագա կիրառության արդյունավետությունը։ Հետազոտության տվյալները օգտակար են որոշումների կայացման և քաղաքականության մշակման համար, քանի որ մի կողմից օգնում են ավելի լավ պատկերացնել իրավիճակը, մյուս կողմից՝ տալիս են հնարավորություն՝ դրանք կիրառելու կրթության որակի բարելավմանն ուղղված մեր աշխատանքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարի մեր երկիրը մասնակցելու է նաև Pisaa հետազոտությանը, որը նոր տվյալների հավաքագրման ճանապարհ է։

TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։ Հետազոտությունն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների համար մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ քառամյա պարբերականությամբ․ մեկ հետազոտությունը տևում է 4 տարի։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտության։

Մեր երկրի մասնակցությունն իրականացվում է միայն 4-րդ դասարանցիների համար։