Հասարակություն

«Բերվում էր անորակ ապրանք, խառնվում ներմուծված բենզինին». Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով բենզին-դիզելի շուկայում առաջացրած խնդիրներին, նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհագրության որոշակի փոփոխություն տեղի ունեցավ․

«Հիմա մենք բենզին ներմուծում ենք 2 տեղից։ Հիմնական մասը ՌԴ-ից էր, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհագրության որոշակի փոփոխություն տեղի ունեցավ դեպի Եվրոպա։ Հիմնական խնդիրը լոգիստիկ խնդիրն է, որը կապված է երկաթուղով բերելու հետ, այսինքն, ծովով բերել նավահանգիստ, այնուհետև Վրաստանից՝ երկաթուղով, և գինն արդեն թանկանում է»,- ասաց Գևորգյանը։

Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը կապված էր Հայաստանում փոքր տնտեսվարողների կողմից նավթի K-2 տեսակի կամ Օկտանի անվան տակ այլ ապրանքներ ներմուծելու հետ. «Հիշում եք՝ նույնիսկ 250 դրամով բենզին էր վաճառվում, որը խելամիտ չէր։ Մեր վերլուծությունը հանգեց նրան, որ բերվում էր անորակ ապրանք, խառնվում տնտեսվարողների ներմուծված ապրանքի հետ և լցակայաններում վաճառվում»։

ՄՊՀ նախագահը նշեց, որ այս դեպքերով բավականին շատ տուգանքներ են նշանակվել։

Գևորգյանը նշեց, որ հեղուկ գազի գնի իջեցման և բարձրացման դինամիկան բավականին նորմալ է։ Ըստ նրա՝ սա ներհայաստանյան երևույթ չէ․ երբ աշխարհում հեղուկ գազի պահանջարկը մեծանում է, գինը բարձրանում է, պահանջարկը նվազում է, գինը՝ նույնպես։