Հասարակություն

45.3 մլն եվրո վարկ առողջապահության ոլորտին

45.3 մլն եվրո վարկ առողջապահության ոլորտին

Կառավարությունը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման ծրագրին, որով նախատեսվում է 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ ներգրավել։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ գումարն ուղղվելու է առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Նախատեսվում է 24 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցում և վերահսկում՝ ըստ էներգախնայողության և համապատասխան ստանդարտների:

Թվայնացման գործիքների բարելավման մասով նախատեսվում է որակի կառավարման համակարգի թվայնացում, պատմագրերի և ներմուծվող ինֆորմացիայի թվայնացում, որոնց հիման վրա կիրականացվի հաշվետվողականություն և ֆինանսավորում:

«Թվայնացման նպատակը շատ ավելի կառավարելի և վերահսկելի է դարձնում համակարգը, բայց մեր գերնպատակը մարդու առողջությունն է: Եթե չթվայնացնենք, չենք կարողանա լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել, և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումն ավելի երկար կտևի: Վստահ եմ՝ բուժման պրոցեսներն էլ ավելի էքսպերիմենտալ կամ ավելի երկար կլինեն»,- հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական