Հասարակություն

«Պետությունը փարվում է մարդուն, ասում է՝ եղբայր, դու իմ տերն ես». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետության անցման տրամաբանության մեջ». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին։ 

Ըստ նրա, սա համակարգ է, որ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ։ Նա նշել է, թե նպատակները մի քանիսն են, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի ու կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելը. 

«Կոռուպցիան իրականում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով չի սահմանափակվում»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղ չպետք է թողնել կոռուպցիայի լճերի ձևավորման համար։

 Նա նշել է, որ համաձայն չէ նրա հետ, թե պետությունը մտնում է քաղաքացու գրպանը. «Պետությունը չի մտնում իր գրպանը, ինքը մի ձեռքով իր աջ գրպանն է ստուգում, մի ձեռքով՝ ձախ գրպանը։ Էդ ո՞վ է էդ պետությունը, էդ ո՞ւմ սեփականությունն է էդ պետությունը։ Էդ պետությունն էդ մարդն է։ Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, պետությունը գնում, փարվում է մարդուն, ասում է՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվիր։ Սրա մասին է խոսքը»։