«Երևանում այլևս չկա այն, ինչը մենք 2017թ․-ից անվանում էինք «հուսահատության գազելներ»․ դրանք չեն լինելու». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը կատարել է այդ խոստումը. «Պետք է անդրադառնանք դրա շարունակությանը։ Ըստ էության, մենք քննարկում ենք Երևանում տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու հարցը»։
Վարչապետի խոսքով՝ քաղաքապետարանը կարող էր ասել, որ ոչինչ չեն փոխում, սակայն դրա արդյունքում տեղի կունենար այն, որ շուտով կլինեին ավտոբուսներ, որոնց պատուհանի փոխարեն ցելոֆան է փակցված, օդորակիչը չի աշխատում, դուռը չի բացվում, կամ նստարանը կոտրված է. «Երբ մենք տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրութուն՝ վճարել միայն այսօր աշխատանքի գնալու համա՞ր, թե՞ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով գնալ աշխատանքի»։
Ըստ նրա՝ հանրային տրանսպորտը բոլորով պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ նույն տրանսպորտից օգտվի. «Եթե այդպես չանենք, Икарус–ների նման MAN ավտոբուսներն էլ են դառնալու «գազելներ», զրոյանալու են, և ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»։
Նա հիշեցրել է,որ իշխանությունները պատրաստվում են մետրոյի նոր կայարան կառուցել, նաև՝ հավելել, որ ինքն այսօր մետրոյով է եկել ԱԺ՝ հարցուպատասխանի. «Նախորդ օրը որ գնացի, վայրկյաններ տևեց տոմս վերցնելը, այս անգամ՝ մի քիչ երկար։ Հետո հասկացա՝ երբ հեռախոսով վճարում եմ, կոճակը երկու անգամ պետք է սեղմել․ չգիտեմ ինչու՝ մեկ անգամ էի սեղմել»։ Ըստ նրա՝ հարցերը հայեցակարգային համակարգում պետք է հասկանալ. «Ուզու՞մ ենք՝ այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ ու զարգանալ, թե՞ չենք ուզում։ Թե՞ ուզում ենք, որ գա Икарус, Երազ, հետո՝ իշաոտնուկներով «Երազներ», հետո «Գազելներ», հետո՝ «հուսահատության գազելներ»։