Հասարակություն

ՀՀ օրհներգը կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով

ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշերից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է:

«ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ տևողությոամբ ու նրբերանգներով այն պետք է լինի։ Այն պետք է ունենա միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում։»,- նշել է նա:

Ըստ նրա` օրհներգի պաշտոնական տարբերակը որևէ տեղ հրապարակված չէ, կան բազմաթիվ կատարումներ: Ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել, որ Կառավարության կայքէջում հրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի խմբագրված տարբերակը, և այդ տարբերակը հնչի օրենքով նախատեսված բոլոր դեպքերում: