Հասարակություն

«Հանկարծակի ստուգումներով նաև ուսուցիչներին կպաշտպանենք». պատգամավոր

ԱԺ-ն քննարկել է կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ փոփոխության հիմքում ընկած է էական ահազանգի դեպքում առանց ծանուցման ստուգումներ կատարելու հնարավորությունը․

«Օրինակ, եթե այսօր գնանք ավագ դպրոցների շրջակայքում պտտվենք, կտեսնենք, որ դասարանների մի մասը դասի չեն։ Մի մասը պատի տակ ծխում են, մի մասը զբաղված են այլ բաներով։ Երբ տեսչական մարմինը ահազանգում է դպրոցին, այն նախապես ծանուցում է և ասում, որ հաջորդ ամիս այս օրը, այս ժամին կգա։ Բնականաբար, հաջորդ օրը այդ ժամին բոլորը գիտեն, որ տեսչական մարմինը կգա, և բոլորը նստած են իրենց տեղում, դասընթացը ընթանում է, և ամեն ինչ նորմալ է թվում»,- ասել է նա՝ հավելելով, որ հնարավորություն են տալիս տեսչական մարմնին՝ առանց նախապես ծանուցելու գնալ և ստուգել։ Նա օրինակ է բերել, որ իր զինծառայության ընթացքում տարեկան երկու անգամ ստուգումներ էին անցկացնում, և բոլորն այդ օրը կազմ-պատրաստ վիճակում էր։ Մինչդեռ, իրականում ԶՈւ-ում այլ իրավիճակ էր. «Նաև անձնական զրույցներում պարոն Օհանյանին եմ ասել»։

Ըստ պատգամավորի՝ եթե հանկարծակի ստուգումները լինեն, դրանով նաև հենց ուսուցիչներին կպաշտպանեն։

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն էլ նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ասաց, որ 2024 թվականին այդ բնագավառում 2405 խախտում է հայտնաբերվել։