ԱԺ-ում ներկայացվել է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ասել է, որ րենքը կարգավորելու է Հայաստանում հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթության, մասնագիտական կրթության, արտադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման և իրականացման հիմքերը, առանձնահատկությունները և տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները։
Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունը կիրականացվի ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերի միջոցով։
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ։