ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում զրուցել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայի շուրջ։ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն սահմանվել է 300 հազար դրամի շեմը, որը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին․ մինչև 300 000 դրամի գործարքները հայտարարագրման ենթակա չեն։
ՊԵԿ նախագահն անդրադառնալով եկամուտների հայտարարագրման թեմային, հայեցակարգային տեսանկյունից նշել է՝ պետությունն ստեղծել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում մեծ ընտանիքի բյուջեում, այսինքն պետական բյուջեում։ Վերջինս ապահովում է վստահություն՝ պետություն և հասարակություն փոխգործակցության միջոցով։
Ներկայացնելով հայտարարագրման առավելությունները՝ ՊԵԿ նախագահը, որպես առանցքային ուղղություններ նշել է, որ այն առաջին հերթին պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել առավել թիրախային աջակցության ծրագրեր։ Մյուսը՝ հարկային համակարգն է, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տալիս կառուցել արդար հարկային համակարգ։ Պետական եկամուտների կոմիտեին, վարչարարության տեսանկյունից ապահովում է «խելացի» գործիքակազմ։
Եկամուտների հայտարարագրումը քաղաքացիների համար ապահովում է հարմարավետ հարթակ, որտեղ նրանք հնարավորություն են ունենում ներկայացնել հարկվող և չհարկվող եկամուտները՝ խնայելով ժամանակի ռեսուրսը։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական ծախսերի փոխհատուցումից, որոնք հաշվետու տարվա ընթացքում կատարվել են առողջապահության կամ կրթական ուղղություններով՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների համար։
Անդրադառնալով հայտարարագրի ներկայացման հետ կապված տեխնիկական դժվարություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այս ուղղությամբ Կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել տարբեր ուղղություններով, մասնավորապես գործարկվել է ենթակառուցվածքը՝ վեբ տարբերակով և բջջային հավելվածի միջոցով: Մեկնարկել է իրազեկման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են մամուլի ասուլիս, հարցազրույցներ, պատրաստվել և հրապարակվել են հայտարարագիր ներկայացնելուն ուղղված իրազեկման նյութեր՝ հաղորդագրություններ, ուղեցույցներ, տեսահոլովակներ։ Կոմիտեի կողմից շարունակվում են իրազեկման միջոցառումները։ Վեբ տարբերակում ապահովված է առցանց խորհրդատուի (chatbot) օգնությունը: Նախատեսվում է առաջիկայում կազմակերպել ուսուցում՝ մարզային այցելությունների միջոցով, որոնց ընթացքում մեր հայրենակիցներն աջակցություն կստանան հայտարարագիրն ինքնուրույն լրացնելու հարցում։
Հարցազրույցի ընթացքում ՊԵԿ նախագահը նշել է նաև, թե ովքեր են ներկայացնում եկամուտների հայտարարագիր, որոնք են հարկվող և չհարկվող եկամուտները, ներկայացրել է հայտարարագրի լրացման կարգը։ Անդրադարձել է հարկային օրենսդրության փոփոխություններին, հարկերի հավաքագրմանը և տնտեսական զարգացումներին։