Հասարակություն

40 մլն դոլար վարկ՝ ենթակայաններ վերակառուցելու նպատակով

ԱԺ-ն քննարկել է ՎԶԵԲ-ի հետ վարկային համաձայնագիրը, համաձայն որի՝ 40 մլն դոլար կտրամադրվի «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» համար։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռևս 1960-1970-ական թվականներին։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ։ Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է։ Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է չմասնահանված գումարի նկատմամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով։ Սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, և մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր։ Սարքավորումների շահագործման ապահովման բարդությունը կապված է նաև պահեստամասերի ձեռքբերման խնդրի հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից։ Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները բացի հին և մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ։ Մի շարք այլ խնդիրներ առկա են ենթակայանների շահագործման խնդիրների առումով։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է. «Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից։ Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը»։