ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ելույթ է ունեցել ԱԺ հայտարարությունների ժամին, ասելով.
«Ուզում ես մի քանի րոպեում մինչև 100,000 դրամ ստանալ՝ լրացրու՛ հայտարարագիրդ։
Այո՛ այո՛, սիրելի՛ օրինապահ քաղաքացի, որքան էլ անհավատալի թվա գրածս, բայց քո տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո «պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը», «քեզ տուգանքի մատերիալ կդարձնի», ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին մանիպուլացնել մեզ, ԱՅԼ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ՝
ՊԵԿ-ը բանկային հաշվիդ կփոխանցի մինչև 100 հազար դրամ նախորդ տարում քո կամ ընտանիքիդ անդամների համար կատարածդ առողջապահական կամ կրթական ծախսերիդ դիմաց։
Համընդհանուր հայտարարագրումը տվյալ ժամանակահատվածում հարկերը վճարած օրինապահ քաղաքացու համար
1․ Որևէ նոր հարկային պարտավորություն չի առաջացնում։
2․ Որևէ նոր հարկատեսակ չի ավելացնում։
3․ Որևէ գումար չի գանձվում հարազատից, ընտանիքից, բարեկամից, խնամի-ծանոթ-ընկեր-քավոր-և ուրիշներից ստացած գումարի համար։
Թվարկած շարքն այսքանով չի սահմանափակվում։ Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, թե որ ստացած գումարները ինչպես ենթակա չեն եղել, այնպես էլ հիմա ենթակա չեն որևէ հարկման։ Նորից եմ կրկնում՝ այն, ինչի համար դու պարտավոր էիր հարկվել և արդեն հարկվել ես նախորդ տարում, այս հայտարարագրումով քեզնից որևէ ավել լումա չի գանձվելու։
Ի դեպ, կան քաղաքացիներ, որոնք արդեն ստացել են վերոնշյալ գումարը:
Գիտեմ, հասկանում եմ՝ գործընթացը ունի բազմաթիվ դժվարություններ, նոր ենք գործարկում, առաջիկայում նաև օրենսդրական լուծումներով կփորձենք թեթևացնել այլն»։