Հասարակություն

«Երեք ամփոփ պարզաբանում՝ եկամուտների հայտարարագրման թեմայով»․ Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը։ 

«Երեք ամփոփ պարզաբանում՝ եկամուտների հայտարարագրման թեմայով։ 

Առաջին. անձնական բնույթի փոխանցումներ

Սկսեմ ամենակարևորից կամ ամենաշատ քննարկվող թեմայից՝ ո՞վ պետք է հայտարարագիր լրացնի և ի՞նչը պետք է հայտարարագրել: Քանի որ ՊԵԿ-ն արդեն այդ հարցերի մեծ մասին պատասխանել է, անդրադառնամ միայն մեկ հարցի. արդյոք անհրաժե՞շտ է հայտարարագրել բոլոր դրամական փոխանցումները՝ անկախ չափից և անկախ ուղարկողի / ստացողի ով լինելուց: Եվ արդյոք դրանք հարկվելո՞ւ են:

Ասենք, ընտանիքի անդամները միմյանց «գրպանի ծախս» են փոխանցում կամ սեփական հաշիվների միջև փոխանցումներ անում՝ մի քանի հազար դրամ կամ մի քանի տասնյակ հազար դրամ: Նախ, ո՛չ, չեն հարկվելու: Ինչ վերաբերում է նման շարժերը հայտարարագրելուն, ապա գործող օրենքով, այո՛, անհրաժեշտ է հայտարարագրել, որովհետև հայտարարագրման նպատակներից մեկն անձնական հաշվառման ամբողջական համակարգ ունենալն է, քաղաքացուն «ֆինանսապես ճանաչելը»: Դրա համար դրվել է նման պահանջ: Այլ կերպ ասած՝ պետությունն ասել է՝ հարգելի քաղաքացի, կան դրամական շարժեր, որ հարկման ենթակա չեն, բայց դու, ամեն դեպքում, լրացրու, որպեսզի մեր ինֆորմացիան ամբողջական և լիարժեք լինի:

Հասկանալի է, որ այս պահանջը որոշակի դժգոհություն և անհարմարություն է առաջացնում մարդկանց մոտ: Ուզում եմ ասել, որ կառավարության գործընկերները՝ Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, քննարկել են որոշակի պարզեցումներ անելու հնարավորությունը, և առաջիկա երկու օրերին կառաջարկեն լուծում, որը կհասցեագրի այս դժգոհությունը և կվերացնի ավելորդ անհարմարությունները: Այդ մասին համապատասխան հայտարարություն կլինի, հետևեք պաշտոնական լրահոսին:

Երկրորդ. հայտարարագրումը լրացուցիչ հարկեր չի ենթադրում

Հայտարարագրմանը վերաբերվող օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվել են երկու տարի առաջ, երկար քննարկումներից հետո, չեն ենթադրում որևէ նոր հարկ կամ հարկատեսակի ավելացում:
Այսինքն, բոլոր այն եկամուտները, որոնք նախկինում հարկման ենթակա էին, հիմա էլ են հարկման ենթակա: Այն եկամուտները, որոնք հարկման ենթակա չէին, հիմա էլ հարկման ենթակա չեն:

Այսինքն, վճարվող հարկերի առումով ոչինչ չի փոխվել: Ինչպես հայտարարվել է ընդունման ժամանակ, հայտարարագրման համակարգի ներդրումը ֆիսկալ նպատակ չի հետապնդում: Պարզ ասած, սրանով պետությունը նպատակ չի դրել ավելի շատ հարկեր հավաքել՝ չնայած սրա արդյունքում թափանցիկության ավելացումը կարող է բերել ստվերի կրճատման և ավելի շատ հարկերի։ 

Երրորդ. ո՞րն է այս համակարգի ներդրման հիմնական նպատակը

Առաջին հերթին՝ դա քաղաքացիների լիարժեք հաշվառման համակարգ ունենալն է: Որպեսզի պետությունն ավելի լավ ճանաչի իր բնակիչներին, ավելի լիարժեք պատկերացում ունենա նրանց եկամուտների և սոցիալական վիճակի մասին, և ըստ այդմ՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնի:

Ասեմ, որ նման համակարգ չունենալու «հմայքը» զգացվեց հատկապես քովիդի ժամանակ, երբ պետությունը փորձում էր աջակցությունը դարձնել ավելի թիրախային, սակայն պարզվեց, որ մենք ունենք ինֆորմացիոն հսկայական վակուում և շատ դեպքերում ստիպված ենք գործել կուրորեն՝ աջակցելով նաև նրանց, որոնք դրա կարիքը չունեն կամ աջակցություն չցուցաբերելով նրանց, որոնք ունեն:

Նման լուրջ և գրեթե ամբողջ բնակչությանը վերաբերող ռեֆորմների դեպքում, որքան էլ դրանք ի սկզբանե մանրակրկիտ մշակվեն և քննարկվեն, միևնույն է՝ կիրարկման ընթացքում ի հայտ են գալիս թերություններ, խնդիրներ և լրամշակման կարիք է առաջանում: Դրա համար էլ հայտարարագրումը ներդրվեց ոչ թե միանգամից, բոլորի համար, այլ փուլային՝ 3 տարվա ընթացքում:

Ընթացիկ տեխնիկական թերությունները և անհարմարությունները հնարավորինս արագ կլուծվեն, համակարգն էլ, ըստ անհրաժեշտության, բովանդակային առումով կբարելավվի: Սակայն չնայած այս ամենին, եկամուտների հայտարարագրման համակարգը չափազանց կարևոր և անհրաժեշտ ռեֆորմ է, որի գլխավոր շահառուն հենց դուք եք, սիրելի հայրենակիցներ»: