ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որով առաջարկվում է կաթնամթերքը խանութներում ներկայացնել գունային տարանջատմամբ։ Ըստ փոխնախարարի՝ կաթնային յուղի փոխարինիչներով պատրաստված կաթնամթերքի վաճառքը լայն տարածում ունի, ինչը հաճախ դժվարացնում է սպառողի համար մթերքի բնականության ճանաչումը:
Նախագծով առաջարկվում է կաթնամթերքը, որը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչներով, առևտրային կետերում ներկայացնել գունային առանձնացված դարակաշարերի վրա:
Այս կարգավորումը կօգնի սպառողին՝ հեշտությամբ տարբերակել բնական կաթնամթերքը փոխարինիչներով պատրաստված մթերքից:
Արտադրողներին առաջարկվում է հնարավորություն տալ՝ կամավոր կերպով կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ, կաթնամթերքի վրա նշելով՝ այն պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչո՞վ, թե՞ բնական հումքով: Սա կբարձրացնի արտադրանքի թափանցիկությունը սպառողի համար և կաջակցի արտադրողներին՝ շեշտելու իրենց մթերքի առավելությունները:
Օրինագծով նախատեսվում է նաև կարգավորել կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման գործընթացը:
Մասնավորապես, սպանդանոցային ծագման մթերքի համար պահանջվում է տեղադրել N 5 ձևի անասնաբուժական վկայական կամ պիտակ՝ տեսանելի վայրում:
Սպառողին տեսանելի տեղում պիտակի բացակայությունը կհամարվի իրավախախտում, որի համար նախատեսվում են վարչական տույժեր:
Այս փոփոխություններն ուղղված են կաթնամթերքի և կենդանական ծագման մթերքի շուկայում կարգ ու կանոն հաստատելուն՝ նպաստելով սպառողի իրավունքների պաշտպանությանը և տեղեկատվության մատչելիությանը: