«Տրանսպորտի գինը չի կարող հավերժ 100 դրամ լինել». հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով ժամանակին տրանսպորտի թանկացման դեմ պայքարին՝ նա շեշտել է. «Այդ պայքարն իրականացրել եմ ջարդված «գազելների», ծխող վարորդների, իրար մեջ խցկված, առանց օդորակիչի, մահվան «գազելների» դեմ»։
Նա շեշտել է, որ այսօր ավտոբուսում կա wi-fi, օդորակիչ և այլն. «Չի կարող 3000 տարի տրանսպորտի գինը լինել 100 դրամ, հետո գլուխ գովանք, ասենք՝ մենք առաջին ժողովուրդն ենք, որ 3050 տարի է՝ տրանսպորտի գինը մեզ մոտ 100 դրամ է։ ՀՀ-ում չկա որևէ բան, որ արժե 100 դրամ։ Աշխարհում 20 ցենտով ոչ մի բան չկա. Մեկ բաժակ սև սուրճը 100 դրամ չարժի»,- ասել է նա։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կոչերին. «Բոյկոտ կազմակերպողների մեծ մասը ավտոբուսով չի էլ երթևեկում»։ Ըստ Սիմոնյանի՝ այն մարդիկ, որ երկար ու ստաբիլ են երթևեկելու, տոմսի գինը լինելու է ավելի էժան, քան 100 դրամը։ Նա նաև կոչ է արել համեմատել տրանսպորտի գինը այլ երկրների հետ։