Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կողմից հաստատված աշխատանքային պլանի համաձայն՝ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչություններից թվով 14 փրկարարական ծառայող «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետում մասնակցել են «Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքի կազմակերպում` INSARAG EXCON» թեմայով միջազգային չափորոշիչներին համապատասխան եռօրյա վերապատրաստման դասընթացին:
Դասընթացի նպատակն էր վերապատրաստել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ծառայողներին, որպեսզի վերջիններս ամրապնդեն իրենց գիտելիքները և հետագայում կարողանան ու պատրաստ լինեն առավել արդյունավետ և ճիշտ կազմակերպել ուսումնավարժանքները` թիմերի գնահատման, արձագանքման ստանդարտացման, գործողությունների արդյունավետ համակարգման ուղղություններով: Դասընթացն անց է կացվել ակադեմիայի դասախոսների կողմից` տեսական և լսարանային գործնական պարապմունքների տեսքով։
Դասընթացի ընթացքում փրկարարներին ներկայացվել են երկրաշարժի հետևանքով փլուզված բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը և դրա հիմնական բաղադրիչները, INSARAG արտաքին դասակարգման միջազգային չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ թիմերի մակարդակները, կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, ՔՈՓ միջին թիմի դաշտային վարժանքի նկարագրությունը և կազմակերպման փուլերը, ինչպես նաև կազմակերպման և վերահսկման խմբի՝ EXCON-ի գործառույթները:
Ուսումնասիրվել են նաև INSARAG արտաքին դասակարգման միջազգային չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ միջին թիմի դաշտային վարժանքի կազմակերպման անհրաժեշտ փաստաթղթերը, գնահատման մեթոդական ցուցումները՝ համաձայն արտաքին և ներքին դասակարգման Checklist-ի պահանջների: Փրկարարները մանրամասն ծանոթացել են ՔՈՓ միջին թիմի դաշտային վարժանքի գործնական աշխատանքների իրականացման տեղամասերի նախապատրաստման աշխատանքների մեթոդական ցուցումներին:
Փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել դասընթացին: Դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը մասնակիցները կկարողանան կիրառել իրենց աշխատանքում՝ ի նպաստ դրական արդյունքի:
Որպես վերապատրաստման դասընթացի ամփոփում մասնակիցներին տրվել են լսարանային գործնական առաջադրանքներ, ինչպիսիք են` ՔՈՓ միջին թիմի դաշտային վարժանքի պլանավորումը, կազմակերպումը և ներկայացումը, ստուգվել են վերջիններիս գիտելիքները։ Ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։