Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։
Էլեկտրոնային բազաների ինտեգրացիայի արդյունքում առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային գործիք, որի միջոցով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, հնարավորություն կունենա էլեկտրոնային գործիքի միջոցով տեղեկատվական շտեմարանում պատմական, մշակութային հուշարձանների վերաբերյալ կատարել համապատասխան տեղեկատվության մուտքագրում՝ օգտագործելով թվային գործիքներ: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Սուրեն Թովմասյանի խոսքով կստեղծվեն լայն հնարավորություններ Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների շտեմարանում. ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն կունենա պատմական, մշակութային հուշարձաններն արտապատկերել նշված բազայում:
Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները:
Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով Կադաստրի համակարգում թվայնացման գործընթացին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2024 թվականի տարեկան ամփոփ տվյալներով Կադաստրի կոմիտե ուղղված շուրջ 950 հազար ընդհանրական դիմումների մոտավորապես 43-44 տոկոսն արդեն ուղղված է եղել էլեկտրոնային համակարգերի միջոցով: