Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է առողջապահության համակարգի խնդիրներին՝ ընդգծելով. «Մենք պլանային տնտեսության մոտեցումը ժառանգել ենք նաև առողջապահությունում, որը մոտավորապես հետևյալ սկզբունքով էր աշխատում. կա հիվանդանոց՝ այսքան մահճակալով, այսքան անձնակազմով, պետք է տրվի այսքան ֆինանսավորում, որպեսզի հիվանդանոցը գոյատևի։ Դա միտված չէր համակարգի արդյունավետությանը։ Մենք ունեինք դեպքեր, երբ հարյուրավոր մահճակալներով հիվանդանոցներ գործել են այնպիսի բնակավայրերում, որտեղ պացիենտներ ընդհանրապես չեն եղել»։
Նրա խոսքով՝ ՍՍՀՄ փլուզումից հետո բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց դրանք դեռ պետք է շարունակվեն. «Ես կարծում եմ՝ բարեփոխումների տրամաբանությունը պետք է շարունակվի։ Մենք պետք է կենտրոնանանք արդյունքի և ծախսի արդյունավետության վրա, և ոչ թե պարզապես շենքերի կամ բժիշկների աշխատավարձի»։
Արսեն Թորոսյանը հավելել է, որ վերջնական նպատակը պետք է լինի բուժման արդյունքները, ոչ թե շենքերի կամ ենթակառուցվածքների առկայությունը։ Ըստ նրա, բժիշկների առկայությունը կարևոր է միայն այն դեպքում, երբ նրանք ապահովում են արդյունավետ բուժում։