Հասարակություն

«Լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին

Հայտարարագիր լրացնելու համար կա մի քանի պատճառ, որոնցից մեկն էլ hակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրի մասին։ 

«Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը չի ծածկում այն դեպքերը, երբ զոքանչի, բաջանաղի, դասարանցու, քենու միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Հիմա, ըստ էության, լուծում ենք հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջացման հարցը»,- նշել է նա։ 

Վարչապետի խոսքով՝ այս համակարգը կօգնի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնել։ 

«Օրինակ, եթե կա դեպք, որ մարդը բանկում ունի մեծ ավանդ, բայց սոցիալական նպաստի համակարգից է օգտվում, այդ մարդուն կասենք, որ իրեն չենք տալիս սոցիալական նպաստ, այլն այն ուղղում ենք նրանց, ովքեր ավելի շատ ունեն դրա կարիքը»,- պարզաբանել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ քաղաքացիներն ավելի շատ հարկ չեն վճարելու, այլ վճարելու են ավելի քիչ։ 

«Նրանք, ովքեր հարկ չեն թաքցնում, ավելի շատ հարկ չեն վճարելու, քանի որ ետվճարներ են ստանալու, օրինակ, առողջապահության, կրթության ծախսերի համար»,- նշել է Փաշինյանը։