Հասարակություն

«ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացման օրակարգ է ապահովում ՀՀ-ի համար». Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար:

«ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը զարգացման շարժիչ ուժն է»,- ասել է նախարարը:

Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։ Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը:ա