Հասարակություն

«Պարգևատրական զենքի հետ կապված լուրջ խնդիրներ կան». նախարար

«Օրինական զենքի մասով որոշակի խնդիրներ ենք արձանագրել». ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հատկապես պարգևատրական ինստիտուտի մասով լուրջ խնդիրներ կան. 

«Տարբեր ժամանակներում օրենսդրական կարգավորումները տարբեր կերպ են կարգավորել անձին զենքով պարգևատրելու պրոցեսը։ Նկատում ենք, որ շատ դեպքերում, մեզ անհայտ հիմքերով, շատ անձինք, որոնք առաջ չեն ունեցել զենքի հետ կապված օրինական պրոցեսներ, պարգևատրված են մարտական ատրճանակներով կամ այլ հանրավտանգ զենքով»։

Ըստ նախարարի՝ պետության համար շատ կարևոր է հասկանալ զենքով պարգևատրելու ստանդարտները, որպեսզի հասկանալի լինի՝ տվյալ անձը հուսալի և անվտանգ կերպար է։

«Բազմաթիվ ահազանգեր են հասնում, որ x կամ y մարդու մոտ կա պարգևատրական զենք, բայց, ենթադրենք, նա զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում կամ այլ դրվագներով է աչքի ընկնում։ Պետության խնդիրն է՝ սահմանել ստանդարտ, ֆիլտրել այդ անձանց ցուցակը և, ստանդարտին համահունչ, թողնել պարգևատրական զենքն այն անձանց մոտ, որոնք կբավարարեն ստանդարտին։ Նրանք, որոնք չեն բավարարի, զենք չեն կարող ունենալ»։ 

Ըստ նախարարի՝ առաջիկայում համապատասխան օրինագիծը կհանրայնացվի։