Հասարակություն

«Ո՞վ է ասել, որ դա լավ բան է». վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է․ եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ ընտանեկան բռնության հետ կապված նախագծեր են բերվել «շրջադարձերով, ոլորապտույտներով»․ «Թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում․ մեր ավանդույթները քանդում ենք։ Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդու՞յթն է»։ 

Ըստ Փաշինյանի՝ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա։ «Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն ու այդպես շարունակ»։

Վարչապետը կարևորել է բարեփոխումները. «Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, այնպես չէ, որ մտածեն՝ իրենց երեխան է, կարող են մի երկու հատ էլ ապտակել։ Պետք է հարաբերությունների որոշակի ձև լինի»։ Ըստ նրա, եթե մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի, դա արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել․

«Հետևաբար, երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, պետք է սեփական գլուխը պատերով տալ, ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել»։ Այս համատեքստում նա կարևորել է իրազեկության բարձրացումը։