Հասարակություն

Հայաստանը 236 մլն եվրոյի նոր վարկ կստանա

Կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից ճանապարհաշինության նպատակով 236 մլն եվրո վարկային ծրագրին։

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նպատակը Հայաստանին աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը։ Դրա արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են՝

·  ասֆալտբետոնե պատվածքով 11.1 մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3,30 մ) ճանապարհի կառուցում,

·  3 թունելի, 16 կամրջի, 83 հեղեղատի, 28 հենապատի կառուցում,

·  անվտանգ  երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը. նշված է որոշման հիմնավորումներում:

Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236 մլն. եվրո: Այն համաֆինանսավորվելու է նաև ՀՀ-ի կողմից: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ․ նոյեմբերը։