ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ տնային կալանքի մեջ գտնվող անձանց ուղեկցման մասով կան խնդիրներ։ Նա նշել է, որ ազատությունից զրկված մոտ 25 հզ. անձի ուղեկցման խնդիր է եղել․
«Ուղեկցող ստորաբաժանումներում ընդամենը 232 հաստիք ունենք, որից 113-ը թափուր է։ Այսինքն, օբյեկտիվորեն 25․000 անձի ուղեկցման կտրվածքով աշխատում է շուրջ 100 աշխատակից, բայց սա միայն՝ ուղեկցող ստորաբաժանման մասը»,- ասել է նա՝ Radar Armenia-ի հարցին ի պատասխան։
Նախարարի խոսքով՝ նոր հաստիքային փոփոխություններ են իրականացվում, բայց դա հարցի ժամանակավոր լուծում է․
«Ինստիտուցիոնալ մոտեցումը հետևյալն է. պիտի ուղեկցումը լինի ըստ շահառուի։ Այսինքն, եթե ձերբակալված անձ է, ոստիկանությունը պիտի իրականացնի ուղեկցումը, եթե կալանավորված անձ է, պիտի իրականացնի քրեակատարողական ծառայությունը, եթե տնային կալանքի տակ գտնվող անձ է, դա արդեն արդարադատության նախարարության տիրույթում է․ պրոբացիայից ծառայությունը պիտի իրականացնի կամ քրեակատարողական ծառայությունը։ Բայց հիմա ունենք մի այնպիսի իրավիճակ որ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը օրենքով կարգավորված չէ ուղղակի, այսինքն, չկա ռելեվանտ մարմին, որը պիտի իրականացնի ուղեկցում։ Մեզ մնում է ոստիկանական ուժով օժանդակել պրոցեսի կազմակերպմանը»,- ասել է նա։