Հասարակություն

Քննարկել են Երևանում օդի աղտոտվածության հարցը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վերջին շրջանում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների հետ կապված, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները։

Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրվել են սարքեր, որոնց միջոցով դիտարկում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։

Խնդիրը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մթնոլորտայի օդի աղտոտվածության մակարդակների դասակարգմանը ըստ գործող կարգավորումների։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օդի հիմնական աղտոտիչները և դրանց առաջացման հիմնական աղբյուրները, օդի որակի մոնիթորինգի ներկա վիճակը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող օդի որակի մոնիթորինգի համակարգի զարգացման պահանջները։

Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է մայրաքաղաքում օդի որակի ստուգման մեթոդաբանությունը և նպատակները։
Հանդիպմանը քննարկվել է Առողջապահության նախարարության կողմից տրամադրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) նորմատիվենրի վերաբերյալ առաջարկները, ինչպես նաև հանրությանը պատճաշ և ստույգ տեղեկատվություն տրամադրելու եղանակները։