ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխության նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն, ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Նախարարի խոսքով՝ հետագայում չի բացառվում նաև մասնավորի հետ համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով:
Հունվարի 15-ի նիստում քննարկել է նաև ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» և «մարզասրահ» սահմանումները: Հստակեցումներ են արվել նաև լիազորող նորմերում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: