Ընտանեկան բռնություն գործադրած անձինք ևս կռեաբիլիտացվեն. կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։
«Ծրագրի հիմնական նպատակն է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնումը՝ նրանց տրամադրելով սոցիալ–հոգեբանական աջակցություն, առողջության վերականգնման հնարավորություններ, ինչպես նաև կանխարգելելու նրանց կողմից բռնության կրկնությունը», – նշել է սոցհարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն՝ ավելացնելով, որ ծրագիրը նպաստելու է նաև ընտանեկան բռնության զոհերի անվտանգության ապահովմանը և բռնություն գործադրածի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնության ռիսկը։
Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային շահառուները կլինեն նրանք, որոնց ոստիկանությունը նախազգուշացում է տվել կամ որոնց վերաբերյալ դատարանը կիրառել է պաշտպանական որոշում․ «Նախազգուշացումը տրվում է, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ, և չկա վստահություն, որ այն կարող է կրկնվել։ Պաշտպանական որոշումը միայն դատարանի որոշմամբ է ընդունվում, և եթե բռնության ենթարկված անձին պաշտպանելու նպատակով որոշումը կայացվում է դատարանի կողմից, ապա ռեաբիլիտացիան պարտադիր է», – նշեց նա։
ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ 2023 թվականին տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024-ին՝ 574։ Դատական դեպարտամենտի տեղեկություններով՝ 2023-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024-ի առաջին կեսին՝ 13։