Հասարակություն

ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները փոխադարձ օգնություն կցուցաբերեն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Դրանով հիմնավորվում են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը, որոնք կտրամադրեն երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորում, կհամագործակցեն առավել սերտորեն և կնպաստեն փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդմանը և ընդլայնմանը։

«ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նախորդ տարվա հունիսի 11-ին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ մաքսային մարմինները տեղեկատվություն փոխանակելու որոշակի ռեժիմ կունենան։ Նախատեսվում է պարզեցնել և հստակեցնել տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնություն ցուցաբերելու նպատակով։