Խանութներում կաթնամթերքը դասավորվելու է ըստ բաղադրիչների՝ տարբեր գույներով դարակաշարերում։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում է, որ առանց կաթնային յուղի կաթնամթերքը դարակաշարերում լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող մթերքը՝ նարնջագույն։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հայտնել է, որ նախագծում նախատեսվում է նաև կամավոր հիմունքներով գունավոր ինքնակպչուն պիտակների կիրառություն՝ տեղական կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման համար։ Պիտակը կամ անասնաբուժական վկայականը պետք է լինի տեսանելի՝ մթերքի ծագումը ճիշտ ճանաչելու համար։
Զեկուցողը նշել է, որ տնտեսվարողները կամավոր կարող են արտադրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույներով՝ ըստ բաղադրության։
Նախագիծն ընդգրկվել է ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։