«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ սննդի շղթայի օպերատորները պետք է ներկայացնեն նաև Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի մասին տեղեկություն։ Սա ցույց կտա, որ ընկերությունը ապահովում է սննդամթերքի արտադրության անվտանգությունը և համապատասխանվում է միջազգային չափանիշներին, ինչը կբարձրացնի սպառողների վստահությունը. Հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ներկայացնելով նախագիծը։
Նրա խոսքով, փոփոխությունները վերաբերում են միայն սննդի շղթայի օպերատորներին՝ բացառությամբ գյուղատնտեսական մթերքի, կենդանիների վաճառքի և շրջիկ առևտրով զբաղվողներին։ Գրանցման գործընթացում այս օպերատորները պետք է ներկայացնեն նաև ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքներին համապատասխան տեղեկություն։
Նախագծով նաև նախատեսվում է, որ կենդանիների սպանդից ստացված մթերք ստանալու դեպքում պետք է նշվի, թե որտեղ է բուծվել կենդանին։
Փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը և կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։
Փոփոխություններն ԱԺ-ում ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։