ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմիններին և նշել որ, խնդիրը այդ ինստիտուտների կայացումն է։
«Նախորդ տարվա ընթացքում քննչական մարմինների և դատախազության ընթացիկ ստուգման մեխանիզմներ են ներդրվել, նվերների ընդունման արգելքի օրենսդրական դաշտն է կատարելագործվել, և մի շարք օրենսդրական փոփոխություններ են արվել այդ դաշտում»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ շատերը տեղյակ չեն, որ կոռուպցիոն դեպքերի հետ կապված կարող են անանուն հաղորդումներ ներկայացնել։
«Վերջին տարվա ընթացքում «Համախմբենք ջանքերը, կանխենք կոռուպցիան» խորագրով հանրային իրազեկման մեծ արշավ տեղի ունեցավ, և, ի ուրախություն ինձ, երիտասարդների ներգրավվածությունը շատ մեծ էր, այս շարքը պետք է ևս շարունակական լինի»,-հավելեց նա։
Նախարարը ընդգծեց, որ մարդիկ թյուր պատկերացում ունեն կոռուպցիայի, լավություն անելու, նվեր տալու, համակարգային կոռուպցիայի և մի շարք այլ երևույթների մասին։
«Մարդկանց համար ընդունելի է 5000 դրամով շատ արագ իրենց հարցը լուծելը, ու դրա համար շրջապատում իրենց ոչ ոք չի էլ մեղադրի, բայց էդ նույն մարդիկ քննադատաբար են մոտենում, երբ լսում են՝ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնատար անձ հինգ միլիոն կաշառք է վերցրել»։
Ըստ Սրբուհի Գալյանի՝ քննադատաբար պետք է մոտենալ կոռուպցիոն ցանկացած երևույթի, լինի հինգ հազար, թե հինգ միլիոն․ «Մարդիկ պետք է ունենան տոտալ անհանդուրժողականություն այս երևույթի վերաբերյալ»։