ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում չի նշվում հանրային ներդրումների կամ ներդրումային ծրագրերի մասին:
Որպես այդ խնդիրը լուծելու քայլ, նախատեսվում է նոր տերմինների՝ «Հանրային ներդրումներ» և «Հանրային ներդրումային ծրագիր» ներմուծում: Փոփոխությունների միջոցով նաև առաջարկվում է, որ Կառավարությունը կսահմանի հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը:
Նախագիծը նաև նախատեսում է, որ հանրային ներդրումների կառավարմանը և ներդրումային ծրագրերին վերաբերող դրույթները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից և կտարածվեն 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա: Նիստում ներկայացված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: