Հասարակություն

ՄԻՊ-ը քննարկում է ունեցել ՀԿ-ների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։

ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար հիմունքներով:

Հասարակական կազմակարերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում` շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,- ասել է Պաշտպանը։

Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։