Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի` օպերատիվ է գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ֆոտալրագրողի տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մեկն էլ՝ ծանր կայուն: Ճանապարհը եղել է անցանելի, ճանշինը ճանապարհի մշակման աշխատանքներ է կատարել:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վթարված «MAN»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» ընկերությանը, մեկն էլ՝ ճանշինին: