2025 թվականի հունվարի 20-ից ուժի մեջ են մտնում Կառավարությամբ որոշմամբ հաստատված գյուղատնտեսական կենդանիների շուկային ներկայացվող պահանջները:
Ըստ այդմ՝ Շուկան պետք է պարտադիր ունենա սպասարկող անասնաբույժ՝ բարձրագույն անասնաբուժական կրթությամբ։
Նա պարտավոր է՝
- իրականացնել վաճառքի ենթակա կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում.
- վարել անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյան, որը պարտադիր պետք է պահվի առնվազն երեք տարի և պետք է արտացոլի գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը.
- կենդանիների առքուվաճառքի ժամանակ՝ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում իրականացնի կենդանու սեփականատիրոջ փոփոխություն.
- ստուգի անասնաբուժական վկայականը՝ N 1 Ձևը։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ պայմանագիր կնքած անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետներն ունեն հասանելիություն «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգին։