«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, եթե չասենք` մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք նրա նախագահության տարիների մյուս չափազանց տպավորիչ հաջողություններն ու ձեռքբերումները, միայն հաղթանակն առաջին պատերազմում բավական պիտի լիներ, որպեսզի 600 տարի միայն պարտություններ ու նվաստացում տեսած ու 1990-ականներին իր մեջքն ուղղած ժողովուրդն ամեն գյուղում նրա արձանը դներ։ Ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Տեր-Պետրոսյանը դարձավ դառը ատելության ու թշնամանքի թիրախ առնվազն մեր հասարակության մի շոշափելի հատվածի համար». ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ պանելային քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ հիմա, երբ Տեր-Պետրոսյանն առանձնապես մեծ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում և երբ նրա ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ խորհրդարան չմտավ, նրա անվան ամեն հիշատակումը բուռն, երբեմն հիստերիկ արձագանքի առիթ է դառնում նրա հակառակորդների համար։
1998թ․ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել այդ տարիների նվաճումները սևացնելու համար, հայ ժողովրդի հաղթանակին «ցրտի ու մթի տարիներ» պիտակը դաջելու, այդ հաղթանակի հիմքը հանդիսացած գաղափարները խեղաթյուրելու և ժողովրդավարությունը ազգային պետությանը հակադրելու ուղղությամբ․
«
Պարադոքը մի այլ, և ըստ իս ավելի հետաքրքիր, բացատրություն ունի։ Խնդիրը ոչ միայն ձեռքբերումները հակակշռող բացասական գործըթացներն էին, այլ հենց ձեռքբերումներն ու հաջողությունները։ Դրանք հետևանք էին մի ուսումքի հաղթարշավի, որը ժխտումն էր Հայաստանում ու հայկական աշխարհում գերիշխող հայդատական ազգայնականության ու դրա զանազան հիմնասյուների, ինչպես նաև մերժումը այդ ազգայնականությունը փեշակի վերածած մի ամբողջ քաղաքական ու մտավորական դասի։ Այդ ուսմունքը, որի հենասյուները իրատեսությունը, ռացիոնալիզմն ու ժողովրդավարութունն էին, մահացու սպառնալիք էր նշածս դասի դիրքերի նկատմամբ, ինչն իհարկե նրանք առանց կատաղի դիմադրության չէին ընդունելու, եթե նույնիսկ այդ դիմադրությունը վնասելու էր երկրին։
80-ականներին ձևավորված նոր քաղաքական սերունդը, որի ամենահեղինակավոր ու էֆեկտիվ խոսնակն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ի ցույց դրեց հայդատական ազգայնականության ու դրա փիլիսոփայական հենասյուների ամբողջ սնանկությունը։ Նրանց շնորհիվ էր, որ մենք սկսեցինք քննական հայացքով նայել պատմական արդարության անհեթեթ գաղափարին։ Նրանց շնորհիվ էր, որ մենք սկսեցինք տեսնել դաշնակիցների ու փրկիչների տարբերությունը։ Նրանք քննական լույս ուղղեցին այն կարծրացած ենթադրության վրա, որ հարևանների հետ ունեցած մեր կոնֆլիկտները էթնիկ բնույթի էին, այլ ոչ քաղաքական, և որ հետևաբար դրանք բանակցային լուծումներ չունեին։ Նրանք ժողովրդի աչքերը բացեցին այն տարրական, բայց փութաջանորեն կոծկված ճշմարտության առջև, որ իղձերը չեն կարող անկախ լինել ուժերի հարաբերակցությունից ու դիվանագիտական միջավայրից։ Նրանք ժողովրդի աչքերը բացեցին մեկ այլ դժվար տեսանելի ճշմարտության առջև, մասնավորապես, որ զանազան, ենթադրաբար վեհ առաքելությունների վրա հիմնված, բայց երբեք հստակորեն չսահմանված «ազգային գաղափարախոսություն» կոչվածը ոչ այլ ինչ էր, քան տոտալիտարիզմի քարոզ։ Նրանք փորձեցին ժողովրդի մեջ սերմանել իրական ժողովրդավարության այն սկզբունքը, որ իշխող վերնախավերը պետք է ժողովրդի կամքով առաջնորդվեն, եթե նույնիսկ նրանք այդ կամքի վրա ազդելու և այն ուղղորդելու ֆունկցիա ունեն։
90-ականների հաղթանակներն ու նվաճումները տեղի ունեցան հայդատական գաղափարների մերժման և այս նոր գաղափարների որդեգրման շնորհիվ։ Մեր ավանդական վերնախավերն անմասն ու անհաղորդ մնացին այդ ժամանակվա հաղթանակներին ու նվաճումներին։ Դա էր պատճառը, որ նրանք ամեն ինչ արեցին այդ հաղթանակները նսեմացնելու, և ես չեմ վարանում ասելու, այդ հաղթանակները վիժեցնելու համար։ Նրանք ռազմաճակատում ծանր իրադրության պայմաններում Երևանում հակաիշխանական ցույցեր կազմակերպեցին, փորձեր արեցին կուսակցականացնելու կամավորական շարժումը, ԱՄՆ-ում Հայաստանի իշխանությունների դեմ լոբբիստական գործունեություն ծավալեցին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկի դեմ դատական հայցի հարուցեցին որպես մարդու իրավունքներ ոտնահարած իշխանության ներկայացուցչի, և այլն։ Նման քայլերն ու ընդհանրապես Հայաստանում Տեր-Պետրոսյանի ու նրա իշխանության դեմ դառը ատելության սերմանումը պայմանավորված էին հենց վերջիններիս հաջողելու հեռանկարից ունեցած սարսափով, քանի որ այդ հեռանկարում նրանք կատարյալ անախրոմիզմ էին դառնալու»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ երիտասարդներն, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայի համար, պետք է գիտակցեն այս պայքարի կարևորությունը և հետևեն Լևոն Տեր-Պետրոսյան օրինակին։