Հասարակություն

Հաղթանակներն ու նվաճումները եղան նոր գաղափարների շնորհիվ

«90-ականներին նրանք փորձեցին ժողովրդի մեջ սերմանել իրական ժողովրդավարության սկզբունքը, որ իշխող վերնախավերը պետք է ժողովրդի կամքով առաջնորդվեն, եթե նույնիսկ նրանք այդ կամքի վրա ազդելու և ուղղորդելու ֆունկցիա ունեն։ Այդ տարիների հաղթանակներն ու նվաճումները տեղի ունեցան հայդատական գաղափարների մերժման և նոր գաղափարների որդեգրման շնորհիվ»․

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ պանելային քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 1998թ․ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել այդ տարիների նվաճումները սևացնելու համար, հայ ժողովրդի հաղթանակին «ցրտի ու մթի տարիներ» պիտակը դաջելու, այդ հաղթանակի հիմքը հանդիսացած գաղափարները խեղաթյուրելու և ժողովրդավարությունը ազգային պետությանը հակադրելու ուղղությամբ․

«Նրանք Հայաստանը վերածեցին քաղաքական և մտավորական անապատի, որն այն միջավայրն էր, որտեղ նրանք ապահով էին զգում իրենց, և, վերջապես, ազգային գաղափարախոսները ճանապարհ հարթեցին այսօրվա անխոհեմ և անպատասխանատու հեղափոխականների առաջ, որոնք շատ բաներում գուցե տարբերվում են նրանցից, բայց մի քանի հիմնական հարցերում պարզապես երկվորյակներ են»,- նշեց նա։

Ըստ Գրիգորյանի՝ երիտասարդներն, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայի համար, պետք է գիտակցեն այս պայքարի կարևորությունը և հետևեն Լևոն Տեր-Պետրոսյան օրինակին։

Գրիգորյանը նաև պարադոքսալ համարեց այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ բերեց, բայց թշնամանքի և ատելության թիրախ դարձավ։