Հասարակություն

Կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման ծրագրով 4893 անձ է հետազոտվել

2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության:

Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է բնակչության ռիսկային խմբերի շրջանում (50-75 տարեկան մեծահասակների խումբ) կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերումը և կյանքի որակի պահպանումը:

2024 թվականի 2-րդ կիսամյակից ծրագրում ընդգրկվել են կոլոռեկտալ քաղցկեղ հաստատված ախտորոշմամբ և նշյալ բժշկական հաստատությունների ուռուցքաբանական կաբինետում կոլոռեկտալ քաղցկեղ ախտորոշմամբ դիսպանսերային հսկողության տակ գտնվող անձանց առաջին կարգի 35-75 տարեկան ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ), քանի որ վերջիններս գտնվում են ԿՔ-ի զարգացման բարձր ռիսկի խմբում:

Իմունաքիմիական թեստի դրական արդյունքի դեպքում շահառուն ուղեգրվում է անվճար կոլոնոսկոպիկ հետազոտության: Իրականացվում է նաև շահառուի պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի խորհրդատվությունները:

2024 թվականից ավելացել է սքրինինգային փորձարարական ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը` նախկին 2-ի փոխարեն հետազոտությունն այժմ կատարվում է 6 կազմակերպությունում`

  • Երևանի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,
  • Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն,
  • Երևանի «Ավան» առողջության կենտրոն,
  • Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա,
  • Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա,
  • Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա: