Հասարակություն

Արմավիրում 26-ամյա կինը խեղդել է նորածին երեխային և նետել պետքարանը․ ՆԳՆ

2024 թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ 

Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։