Հասարակություն

Գիտեմ ունեք բազմաթիվ հարցեր, դրանք բոլորն ունեն պատասխաններ. Ազատյան

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որը փոխանցվել է փաստաբանների միջոցով: 

«Իմ շատ սիրելի արաբկիրցիներ, Արաբկիր վարչական շրջանի հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները խորհրդանշում են նոր սկիզբ, հավատ, լավագույնի սպասումներ և միասնություն:
Արաբկիր վարչական շրջանը 2024 թվականին ունեցել է բազում նշանակալի ձեռքբերումներ, որոնց մասին կխոսեմ այլ առիթով:

Դրանցից ամենակարևորը` Մերգելյան զբոսայգու վերականգնումն ու վերակառուցումն էր, հանգստի այս հրաշալի գոտու վերադարձը մեր բնակիչներին, որն իրականացնելը տասնյակ տարիներ անհնար էր թվում:

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Գեղամ Կարապետյանին, Դավիթ Բալասանյանին, ծրագրի մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր անգամ փոքրիկ ներդրում են ունեցել նախագծի իրականացման հարցում։

Այս դժվարին ժամանակներում, երբ ես գտնվում եմ անազատության մեջ, միևնույնն է ձեր կողքին եմ:

Ձեր սերն, աջակցությունը և անվերապահ հավատը ինձ ուժ են տալիս: Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու գրանցել տեսանելի հաջողություններ։
Գիտեմ ունեք բազմաթիվ հարցեր: Վստահ եղեք դրանք բոլորն ունեն պատասխաններ: Արդարությունը կվերականգնվի:

Թող 2025 թվականը լինի խաղաղության, նոր հնարավորությունների և առաջընթացի տարի:

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, քաջառողջություն, ջերմություն և երջանկություն ձեր ընտանիքներին:

Սիրով ձեր` Արամ Ազատյան»,- ասվում է Ազատյանի շնորհավորական խոսքում։ 

Հիշեցնենք, որ Ազատյանը ձերբակալվել է հուլիսի 3-ին իր տեղակալի հետ միասին։ Ըստ տարածված տեղեկատվության գործն առնչվել է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը: