Հասարակություն

5 տուժած և 1 զոհ․ Փրկարար ծառայությունը՝ շղթայական ավտովթարի մասին

Փրկարար ծառայությունից հայտնում են․

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կան 5 տուժած և 1 զոհ: 

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում բախվել են տասնյակ ավտոմեքենաներ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։

Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։

Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: