Հասարակություն

Իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել:

Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: