Հասարակություն

Սրբուհի Գալյանը կարևորել է պետությանը վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարել է, որ և՛ հաշտությունների կայացման, և՛ վերջնական դատական ակտերի կայացման մասով ինստիտուտն աշխատում է: 

«Այսինքն՝ այն խնդիրը, որն ի սկզբանե մեր առջև դրված էր՝ ունենալ հիմնական իրավական գործիք, որը կկազմի մեր պետության իրավական համակարգի մի մասը, այսօր ունենք այդ իրողությունը: Կարծում եմ՝ աշխատանքի շարունակականությունը կբերի նոր արդյունքներ»,- ասել է նախարարը և հավելել, որ այս պահին դատարանում ունենք 120 հայց:

Նշենք, որ այսօր կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն ամրակցել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրացումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»:

Սրբուհի Գալյանը հավելել է, որ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանումը. «Եթե ուզում ենք խոսել ինստիտուտի կայացման մասին, գոնե թե եռաստիճան դատական համակարգով անցած գործեր պետք է ունենանք, և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ գործերը կլինեն, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում կունենանք՝ ուժի մեջ մտած, որ խոսենք արդեն պրակտիկայի միասնականության մասին: Եվ այս առումով նաև նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք այդ օրենսդրական լավարկումների շուրջ, եթե դրանք անհրաժեշտ են: Ի սկզբանե պետք է կարիքների գնահատում անենք»: