Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200,000,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։
Ըստ հիմնավորման՝ ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։