Տարեվերջյան ասուլիսին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2024թ․ բյուջեի եկամուտների գծում սպասվում է 200 մլրդ դրամի թերակատարում։
Հարցին՝ բյուջեն լավ չի՞ հավաքագրվել, թե՞ վատ է պլանավորվել, նախարարը պատասխանել է, որ հարկերի հավաքման մակարդակի վրա ազդել է մի քանի գործոն.
«Նախ, տնտեսական աճը չի եղել այն մակարդակի, որը թիրախավորվել էր, գնաճը չի եղել այն մակարդակի, որը պլանավորվել էր, և երրորդ, երբ տնտեսությունը գտնվում է աճի դանդաղման փուլում, հարկեր-ՀՆԱ բարելավման հնարավորությունները կրճատվում են»։
Վահե Հովհաննիսյանն ավելացրել է, որ սկզբում պլանավորվել էր, որ տնտեսությունը չի մտնի դանդաղման փուլ, և հարկեր-ՀՆԱ բարելավումը կշարունակվի նախորդ տարիների տեմպերով․ ինչպես տնտեսական աճը, այնպես էլ գնաճը լինելու էին թիրախային ցուցանիշներով։
Միաժամանակ նա նշել է, որ նման սցենարի համար պահուստային ֆոնդ կար։ 130 մլրդ դրամի պահուստային ֆոնդը հիմնականում ծախսվել է երկու ուղղությամբ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծախսերը հոգալու, և մոտ 50 մլրդ դրամ՝ ֆիսկալ բուֆերների համար, որպեսզի որևէ ռիսկ չլինի։