Հասարակություն

1 ծառայողական մեքենա ՄԻՊ-ում, մնացածը՝ գործառնական. քանիսը՞ կկրճատվեն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա է մեկ ծառայողական մեքենա, որը սպասարկում է մարդու իրավունքների պաշտպանին. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԻՊ աշխատակազմից՝ պարզաբանելով, թե քանի ծառայողական մեքենա կա ՄԻՊ-ի հաշվեկշռում, և քանիսն են կրճատվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024թ. նոյեմբերի 22-ի հայտարարությունից հետո։

ՄԻՊ-ն իր պատասխանում պարզաբանել է, որ մնացած մեքենաներն ունեն գործառնական նշանակություն, որոնցով իրականացվում են արագ արձագանքման, ըստ անհրաժեշտության և մշտադիտարկաման այցեր Երևանում և մարզերում գտվող ազատազրկման վայրեր, հոգեբուժական հաստատություններ, զորամասեր, զինհոսպիտալներ, բժշկական, ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցներին խնամքի ծառայություն մատուցող հաստատություններ (տուն-ինտերնատներ), հանրակրթական ուսհաստատություններ, քննչական մարմիններ, ոստիկանության բաժիններ և այլն:

«Տեղեկացնում ենք նաև, որ պետական գույքի միավորի փոփոխմանն առնչվող ստույգ տեղեկատվությունը հասանելի կդառնա համապատասխան գործընթացի ամփոփումից հետո»,- նշված է պարզաբանման մեջ։

Հայկ Մագոյան