Հասարակություն

Քանի խախտում է հայտնաբերվել խոշոր առևտրի և սննդի օբյեկտներում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2024 թվականի ընթացքում, համաձայն տարեկան ստուգումների հաստատված ծրագրի, իրականացվել են վերահսկողական միջոցառումներ 1500 մ² և ավել մակերես ունեցող առևտրի և հասարակական սննդի 48 օբյեկտում. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են տեսչական մարմնից՝ նշելով, որ միաժամանակ  իրականացվել են վերստուգումներ՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու նպատակով։

2024 թվականի վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 226 խախտում։

Արձանագրված առավել կրկնվող խախտումներն են.

  • հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին,
  • առևտրի և հասարակական սննդի օբյեկտները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով,
  • արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200 մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 54 մ³ տարողությամբ հակահրդեհային ջրավազան,
  • 3500 մ2 և ավել մակերեսով երկհարկանի առևտրի սրահի շենքերը սարքավորված չեն հրշիջման ինքնաշխատ համակարգով,
  • հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված չեն նորմերին համապատասխան և չեն գտնվում սարքին վիճակում,
  • 5000 մ-ից ավել ծավալով շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1x2,5 լ/վրկ ջրի շիթով,
  • ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով։

Վերահսկողական միջոցառումների արդյունքում տեսչական մարմնի կողմից դադարեցվել էր 6 օբյեկտի հետագա շահագործումը, որոնցում, ընդհանուր առմամբ, արձանագրվել են 66 խախտում։ Նշված 6 օբյեկտին տրվել է նաև կարգադրագիր՝ սահմանելով խախտումների վերացման հստակ ժամանակացույց։

Խախտումները վերացնելուց հետո թույլատրվել է 5 օբյեկտի հետագա շահագործումը, իսկ 1 օբյեկտի գործունեություն մինչ այս պահը շարունակում է  մասամբ դադարեցված մնալ։

Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում ներկա պահին առանց թերությունների շահագործվում է 11 օբյեկտ։

Դրանք են. «Նարեկ», «Փեթակ», «Դիլիջազ Վայն», «Ծիրան մարկետ» (Լոռի, ք․ Վանաձոր) ՍՊԸ-ներ, Էջմիածնի շուկա, Էջմիածնի առևտրի կենտրոն, «Մեծ տոնավաճառ» ՍՊԸ, «Լեգենդա» ՍՊԸ, «Արտ կահույք» ՍՊ, «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ և «Մայիսյան կամուրջ» Ա/Կ»։

Հայկ Մագոյան