Հասարակություն

Պատրաստ են մարտական հերթապահության

Պաշտպանության նախարարությունը, չխախտելով ավանդույթը, տարեվերջին կազմակերպել էր լրագրողների այց զորամասեր, որպեսզի լուսաբանվի, թե ինչպես են բանակում պատրաստվում դիմավորել Ամանորը։ Մեր խմբով այցելեցինք ուսումնական զորամասերից մեկը, որտեղ նախատոնական և քննական եռուզեռ էր։

Ուսումնական զորամասի զինծառայողները մի քանի օրից կավարտեն քննությունները։ Լավագույն արդյունքներ գրանցածները կրտսեր սերժանտի կոչում կստանան և ծառայությունը կշարունակեն վիճակահանությամբ ընտրված զորամասերում՝ որպես ջոկի հրամանատարներ։ Մինչև հիմնական ծառայության վայրեր մեկնելը տղաները նաև կօգտվեն իրենց հասանելիք արձակուրդից  և Ամանորը կանցկացնեն տանը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։

Զինծառայողները, նախապես իմանալով մեր այցի մասին, անակնկալ էին պատրաստել։ Տղաները երաժշտական համարներով հանդես եկան, ասմունքեցին, որից հետո զորամասի հրամանատար, գնդապետ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք զորամասի տարածքում։ Եղանք զորանոցում, բուժկետում, ճաշարանում, շարահրապարակում  հետևեցինք զինծառայողների քննության ընթացքին։

Շրջայցի ժամանակ նկատեցի, որ զորամասը փայլում է ոչ միայն ամանորյա զարդարանքներից, այլև մաքրությունից։ Զորանոցներում տաք էր, ճաշարանի մուտքից տաք ապուրի անուշ բույրն էր տարածվել։ Սնունդը համեղ էր. անկեղծ ասած՝ տանը պատրաստածից չէր տարբերվում։

Բուժկետում բուժծառայության պետը վստահեցրեց՝ դեղորայքի խնդիր չկա։ Հորդորեց՝ հանուն զինծառայողների առողջության, տոնական օրերին դրսից սնունդ չբերել։

Մինչև զորամասից հեռանալը հնարավորություն ունեցանք նաև զինծառայողների հետ շփվել։

Ժամկետային զինծառայող Գոռ Ստեփանյանն Արմավիրից է։ Ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ու զորակոչվել բանակ։ Ապագա դերասանը պատմեց, որ միանգամից է հարմարվել բանակային կյանքին. «Շատ էին ասում, իբր բանակում դժվար է, բայց հենց առաջին օրվանից մերվեցի, սկսեցի  ընկերություն անել տղերքի հետ, նաև ուսման մեջ բարձր առաջադիմություն գրանցել։ Քննություններս բարեհաջող հանձնել եմ։ Արձակուրդ կգնամ ու հետագա ծառայությունս կշարունակեմ Սյունիքի զորամասերից մեկում․ կսկսեմ մարտական հերթապահություն իրականացնել։ Պատրաստ ենք դիրքեր բարձրանալ ու մեզ վստահված դիրքը պահել»,֊ վստահեցրեց նա։

Կինոռեժիսորի մասնագիտություն ընտրած Սոս Ֆահրադյան էլ Աբովյանից է։ Ինքն էլ է Գոռի նման ընդունվել թատերական ինստիտուտ և զորակոչվել։ Ծառայությունից գոհ է։ Ասաց՝ պայմանները լավ են, սնունդը՝ համեղ, ծառայակիցների հետ՝ համերաշխ։ Ծառայության մասին շատ խոսել չի սիրում, բայց իր  նախասիրությունների մասին պատմեց.

«Կիթառ նվագել  եմ սիրում, և բախտս շատ է բերել՝ զորամասում նվագելու հնարավորություն կա։ Ազատ ժամերին ակումբ եմ գնում, վերցնում կիթառն ու ստեղծագործում։ Մեկ֊մեկ էլ զինվորների համար կինոդիտումներ եմ կազմակերպում։ Միմյանց հետ լավ ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն է...»։

Սոսը ուսումնական զորամասից հետո ծառայությունը Նոյեմբերյանում կանցկացնի։ Նշեց՝ հրամանատարներն իրենց գիտելիքն ու փորձը զինվորներին են փոխանցել, և նրանց հետևողական, ամենօրյա աշխատանքի շնորհիվ  պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները․

«Շատ ուրախ եմ, որ հենց Ամանորին եմ արձակուրդ գնում։ Որոշել եմ տոնական օրերը ընտանիքիս ու ընկերներիս հետ վայելել։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել ամանորյա և սուրբծննդյան տոների առթիվ, մեր երկրին խաղաղություն մաղթել, սահման պահողներին էլ՝ անփորձանք ծառայություն»։

Ռուբիկ Ավդլյանն, ի տարբերություն Գոռի և Սոսի, ուսումնական զորամասում է շարունակելու ծառայությունը։ Երևանցի է, Եվրոպական համալսարանի իրավաբանական բաժնում է սովորում։ Հոր խորհրդով ՊՆ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին է դիմել և հաղթահարելով ատեստավորման քննությունները՝ դարձել պայմանագրային ծառայող։ Եվ կայուն եկամուտ է ստանում, և հայրենիքը պաշտպանելու կարևոր առաքելությունն իրականացնում․

«Շատ լավ տարբերակ է․ և ուսումս կշարունակեմ, և իմ ֆինանսական հարցերը կկարգավորեմ։ Համալսարանն ավարտելուց հետո էլ, որպես իրավաբան, կարող եմ երկար տարիներ համակարգում աշխատել և ստացած գիտելիքներս ծառայեցնել հայրենիքի զարգացմանը։ Մտածում եմ հինգ տարի հետո, երբ պետության կողմից տրվող միանվագ 5 մլն դրամը ստանամ, շարունակեմ կրթվել և դրա հետ կապված ծախսերը հոգալ»։

Հրաժեշտից առաջ շնորհավորեցինք Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ։ Տղերքին խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեցինք և վերադարձանք Երևան։

Հայկ Մագոյան