Հասարակություն

Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն

Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումներն օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետևաբար դրանք հետադարձ ուժ չունեն։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, ևս մեկ հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու եկող տարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, հույս ունեմ, որ դուք նույնպես բարձր արդյունք կգրանցեք։ Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը»,- գրել է նախարարը։

ԿԳՄՍՆ-ն, իր հերթին, տեղեկացրել է․ 

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումը ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, և այն չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:

Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում»։