ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։
2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։
Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Ալեքսանյանի և տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր իրականացրեց մարզի տարբեր բնակավայրերում և տեղում ծանոթացավ համայնք-պետություն համագործակցությամբ՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի շրջանակներում ղեկավարի տեղակալները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման, Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, ինչպես նաև պետական ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղերում կառուցվող մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կապալառու կազմակերպությունը՝ «Բիդեք», Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների կապալառուն՝ «Արամե», Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման կապալառուն՝ «Վանի» ՍՊԸ-ն, և Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների կապալառուն՝ «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ն խախտել են շինարարության կազմակերպման նախագծերի պահանջները։
Տեսչական մարմնի կողմից արձանագրվել է նաև, որ նշված չորս ընկերությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում թերի են լրացվել շինարարության վարման մատյանները, չեն ապահովվել շինարարությունում ներգրավված աշխատողների համար նախատեսված հանդերձարանները, ցնցուղարանները և մեքենաների լվացման կետերը։
Բացի այդ, արձանագրվել է, որ Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներում շարվող բազալտե եզրաքարերը տեղադրված են առանց թաց շաղախի, որոշ հատվածներում հիմնատակի բետոնե շերտը քայքայված վիճակում է եղել, իսկ ասֆալտբետոնը տեղադրվել է առանց ջերմությունը չափելու։ Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզում արձանագրվել է, որ շինարարական հրապարակը մաքրված չի եղել շինարարական աղբից, նաև ապաստարանի համար փորվող փոսորակի շուրջ կազմակերպված չեն եղել ժամանակավոր պաշտպանիչ արգելափակումներ։
Տեսչական մարմնի կողմից նշված չորս կապալառու կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Նրանց նաև տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և շինությունները բերել նախագծային տեսքի։
Հաշվի առնելով նշված օբյեկտներում աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և ժամանակավոր կենցաղային պայմանների բացակայությունը՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկով։
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից վերահսկողությունը լինելու է էլ առավել խիստ և շարունակական՝ ապահովելու համար պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակը։