Հասարակություն

2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր:

Կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել պայմաններին, կենտրոնի իրականացրած վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում:

Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը:

ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից: